Նեյրոուռուցքաբանության ասիական ընկերության (ASNO) 19-րդ տարեկան հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի օգոստոսի 14-ից 18-ը Սինգապուրում, որը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին՝ քննարկելու նեյրոուռուցքաբանության ոլորտում վերջին հետազոտությունները:

Հեղինակ

Հարություն Պապոյան, Арутюн Папоян, Harutyun Papoyan

Հարություն Պապոյան

Ախտաբան-օրդինատոր

Այս հեղինակավոր համաժողովին ՀիստոՋեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը ներկայացնում էր ախտաբան Հարություն Պապոյանը։ Կոնֆերանսը հիանալի հարթակ էր ուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման վերաբերյալ գիտելիքների փոխանակման համար:

Կոնֆերանսի մի ամբողջ օրը նվիրված էր նեյրոպաթոլոգիային, որտեղ առաջատար մասնագետները ներկայացրին գլիոմաների և մենինգիոմաների դեպքերի մանրամասն քննարկումները: Դասախոսություններն ընդգծեցին այս ուռուցքների ախտորոշման մարտահրավերները՝ շեշտ դնելով մոլեկուլային պրոֆիլավորման օգնությամբ տարբերակիչ ախտորոշմանը:

Գլիոմաները, որոնց հաճախ դժվար է ախտորոշել, եղել են մի քանի մանրամասն դասախոսությունների հիմնական թեմա: Դասախոսները ներկայացրին՝ ինչպես են նոր գենետիկական մարկերներն օգնում տարբերակել այս ուռուցքները, կենտրոնական նյարդային համակարգի այլ նորագոյացություններից: Ինչ վերաբերում է մենինգիոմաներին, ներկայացվել են մի շարք դեպքեր, որոնք ներառում են ուռուցքի չարորակացման տարբեր աստիճաններ և դրանց հետ կապված ախտորոշման խնդիրներ, մասնավորապես՝ բարորակ ձևերն ավելի ագրեսիվ ձևերից տարբերակելու հարցում:

Մեր լաբորատորիայի ախտաբանը հնարավորություն ունեցավ հանդիպել Ճապոնիայի, Հնդկաստանի, Հոնկոնգի և Սինգապուրի հայտնի նեյրոախտաբանների հետ: Այս շփումները նպաստեցին կլինիկական դեպքերի, ախտորոշման և ոլորտում առաջացած նոր միտումների քննարկմանը` ճանապարհ հարթելով պոտենցիալ հետազոտական ​​համագործակցության։

ASNO 2024-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հարստացրել են մեր լաբորատորիայի մոտեցումը նեյրո-ուռուցքաբանության, մասնավորապես գլիոմաների և մենինգիոմաների ախտորոշման նրբությունները հասկանալու հարցում: Մենք պատրաստվում ենք ներառել տվյալ գաղափարները մեր ամենօրյա աշխատանքում և զարգացնել կոնֆերանսի ընթացքում ձեռք բերված կապերը:

Սրտանց հայտնում ենք մեր երախտագիտությունը բժշկական գիտությունների դոկտոր Իբրահիմ Կադդումիին և Saint Jude Hospital-ին այս հեղինակավոր գիտաժողովին մասնակցելու և նեյրոպաթոլոգիայի զարգացմանը նպաստելու հնարավորության համար: