Կոպը (լատ․՝ palpebra) մաշկի շարժուն, բարակ շերտ է, որը ծածկում է աչքը առջևից, պաշտպանելով այն արտաքին վտանգավոր ազդակներից (ուլտրամանուշակագույն ճառագայթներ, փոշի և այլն)։ Այն նաև պահպանում է ակնային մակեսների խոնավությունը, կանխում աչքի չորացումը։
Հեղինակ
Լիլիթ Մելիքսեթյան
Հյուսվածաբանորեն տարբերում ենք կոպի հետևյալ շերտերը` մաշկ, ենթամաշկային շարակցական հյուսվածք, մկանային շերտ, տարզալ թիթեղ, կոպային շաղկապենի։ Յուրաքանչյուր շերտում կարող են առաջանալ զանազան ախտահարումներ՝ բորբոքային, ուռուցքային և այլ բնույթի։ Կոպում նկարագրվող ախտահարումները կարող են լինել ինչպես ոչ սպեցիֆիկ, որոնք առաջանում են նաև մարմնի տարբեր հատվածներում, այնպես էլ՝ սպեցիֆիկ, ելնելով կոպային հյուսվածքի առանձնահատկություններից։
Ոչ սպեցիֆիկ ախտահարումներից կոպի մաշկի բորբոքային հիվանդություններից ամենատարածվածը կոնտակտային դերմատիտն է, որը կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ՝ ալերգիկ կամ այլ ֆիզիկական և քիմիական գրգռիչներից։ Մաշկի բարորակ գոյացություններից կոպում կարող է առաջանալ սեբորեային կերատոզ, հասարակ գորտնուկ, էպիդերմոիդ կիստա, նևուսներ (խալեր)։
Տվյալ տեղամասի համար բնորոշ է տափակաբջջային պապիլոման, որը հիմնականում փոքր չափերի, բարորակ գոյացություն է։ Բնորոշ է նաև քսանտելազման, որը իրենից ներկայացնում է դեղնավուն, փափուկ վահանիկ։ Վերջինի առաջացումը կապված է հիմնականում ճարպային և խոլեստերինային նյութափոխանակության խանգարման հետ։
Պապիլոմա
Քսանտելազմա
Կոպի ենթամաշկային շարակցական հյուսվածքում և տարզալ թիթեղում գտնվում են ամենամեծ քանակությամբ ճարպագեղձերը՝ Ցայսի (Zeis) և Մեյբոմյան գեղձերը, ինչով պայմանավորված կոպում ավելի մեծ հավանականությամբ կարող են առաջանալ ճարպագեղձերի տարբեր ախտահարումներ՝ բորբոքում (հորդելոում), հիպերպլազիա, ադենոմա:
Հորդեոլում
Ճարպագեղձի հիպերպլազիա
Ճարպագեղձի հիպերպլազիա
Ինչպես մաշկի տարբեր հատվածներում, այստեղ առկա են քրտնագեղձեր, որոշները՝ ձևափոխված և կոչվում են Մոլլի (Moll) թարթչային գեղձեր։ Տարբեր պատճառներով քրտնագեղձերի խցանումից կարող են առաջանալ հիդրոցիստոմաներ՝ բարորակ կիստոզ գոյացություններ։ Վերջինները լինում են էկրին և ապոկրին, որոնք տարբերվում են իրարից չափերով, տեղակայումով, քանակությամբ։ Հիդրոցիստոմաները հիմնականում ստեղծում են կոսմետիկ դեֆեկտ, բայց այդ ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է հյուսվածաբանական հետազոտություն, որպեսզի բացառվի չարորակ ախտահարումը տվյալ տեղամասում։
Ճարպագեղձի հիպերպլազիա
Ճարպագեղձի ադենոմա
Կոպի ենթամաշկային հյուսվածքում գտնվում են մազային ֆոլիկուլներ, որոնցից սկիզբ են առնում թարթիչները, որոնք նույնպես կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Հետևաբար այստեղ կարող են հայտնվել մազային ֆոլիկուլներից առաջացող տարբեր գոյացություններ՝ տրիխոադենոմա, տրիխոֆոլիկուլոմա, տրիխիլեմոմա, պիլոմատրիկոմա և այլն։ Դրանցից որոշները ունեն չարորակացման հակում։
Կոպում չարորակ ախտահարումները հազվադեպ են հանդիպում, սակայն կարևոր է ժամանակին նկատել ցանկացած փոփոխություն տվյալ հատվածում և դիմել բժշկի, որպեսզի նշանակվի համապատասխան բուժում և խուսափել հետագա բարդությունների առաջացումից։