Կրծքագեղձի բիոպսիան բժշկական միջամտություն է, որի արդյունքում ստանում են հյուսվածքային փոքր նմուշ կրծքագեղձից (բիոպտատ), որը հետազոտվում է հյուսվածաբանական եղանակով` մանրադիկային քննությամբ:
Հեղինակ
Ոսկեհատ Մկրտումյան
Բժիշկ-ախտաբան
Կրծքագեղձի բիոպսիայի անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ սոնոգրաֆիկ կամ մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում նկարագրվում է գոյացություն կամ առաջանում է գոյացության կասկած, որի բնույթը (բարորակ, թե չարորակ) պարզելու նպատակով էլ իրականացվում է բիոպսիան:
Ստացված հյուսվածքային նմուշը ենթարկվում է մանրադիտակային քննության բժիշկ-ախտաբանի կողմից, և տրվում է վերջնական եզրակացություն` բարորակ գոյացություն (օր.` ֆիբրոադենոմա), կամ չարորակ (օր.` քաղցկեղ): Սակայն հարկ է նշել, որ բիոպսիայի արդյունքում միշտ չէ, որ հաստատվում է որևէ գոյացության առկայությունը, հաճախ կարող են հայտնաբերվել բորբոքային հիվանդություն (օր․՝ մաստիտ) կամ այլ բարորակ փոփոխություններ (օր․՝ ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ): Բիոպտատի հյուսվածաբանական քննության արդյունքում քաղցկեղի հաստատման դեպքում անհրաժեշտություն է առաջանում որոշելու քաղցկեղի մոլեկուլային տեսակը, որը հնարավոր է լրացուցիչ` իմունոհիստոքիմիական հետազոտությամբ:
Վերջինի արդյունքում որոշվում են քաղցկեղային բջիջներում հորմոնային ընկալիչների դրսևորման աստիճանը (էստրոգենային ընկալիչ` ER, պրոսգեստերոնային ընկալիչ` PR), HER2neu ստատուսը և բջիջների բազմացման տոկոսը (Ki67): Մոլեկուլային ենթատիպի որոշումը խիստ կարևոր է, քանի որ քաղցկեղների դեպքերի մեծ մասում կատարվում է նախավիրահատական քիմիոթերապիա, հորմոնային կամ թիրախային թերապիա, կամ վերջիններիս համակցված թերապիա: Երբեմն Her2neu ստատուսը իմունոհիստոքիմիական հետազոտությամբ գնահատվում է որպես անորոշ։ Նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ հետազոտության իրականացման համար (FISH), որի արդյունքում պարզվում է` արդյոք կա Her2neu գենի մուտացիա: Վերջինս խիստ կարևոր է, քանի որ մուտացիայի հաստատման դեպքում կատարվում է նախավիրահատական թիրախային բուժում հերցեպտին դեղով:
Կարևոր է նշել, որ ինչպես և այլ օրգանների դեպքում, բիոպսիոն միջամտությունից հետո կրծքագեզձի գոյացությունը որևէ փոփոխության չի ենթարկվում (չի չարորականում, եթե բարորակ է, չի ագրեսիվանում, եթե չարորակ է), և բիոպսիան անհրաժեշտ է և անփոխարինելի, եթե կան հստակ ցուցումներ: Բիոպսիայից հետո կարող է նկատվել կրծքագեղձի տվյալ հատվածի կապտուկ, հնարավոր է արյունահոսություն, ցավ: Բուժառուներին հաճախ հետաքրքրում է՝ ցավոտ է արդյոք բիոպսիան: Գործընթացով անցած բուժառուների մեծամասնությունը նշում են որոշակի դիսկոմֆորտ, ճնշող կամ սեղմող զգացողություն, այլ ոչ ցավ: Իհարկե, ցավային զգացողությունը սուբյեկտիվ է, և յուրաքանչյուրի մոտ կարող է ընկալվել տարբեր կերպ: Կարևոր է ընդգծել, որ արդի բժշկության նվաճումների շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, դեպքերի մեծ մասում այն բուժվում է: Սակայն դա կախված է հատկապես այն փուլից, որում քաղցկեղը հայտնաբերվել է: Վաղ փուլերում բարենպաստ ելքերն առավել հավանական են:
Այդ պատճառով, կարևոր է կնոջ կողմից ամենամսյա ինքնազննումը (սակայն պետք է հաշվի առնել, որ կան գոյացություններ, որոնք չեն շոշափվում ինքնազննման դեպքում) և կանխարգելիչ գործիքային հետազոտությունների իրականացումը (սովորաբար խորհուրդ է տրվում 30-40 տարիքային խմբում տարին մեկ անգամ կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտությունը, իսկ 40-ից հետո մամոգրաֆիկ հետազոտության անցկացումը)` վաղ փուլերում հնարավոր շեղումների հայտնաբերման նպատակով: