«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում են բջջաբանական հետազոտություններ՝ օգտագործելով տարբեր ներկման մեթոդներ, ինչպես լուսային, այնպես էլ բևեռացնող մանրադիտակներ, որակյալ նյութեր, որոնք կենտրոնի հմուտ մասնագետներին հնարավորություն են տալիս կարճ ժամկետներում տալ ճշգրիտ պատասխաններ։

Այլ Հետազոտություններ

Բջջաբանական հետազոտությունը մարդու, ինչպես նաև այլ կենդանիների բջիջների ուսումնասիրությունն է մանրադիտակի օգնությամբ։

Բջջաբանական հետազոտությունները հիմնականում հանդիսանում են սկրինիգ մեթոդ նախաքաղցկեղային / քաղցկեղային պրոցեսների հայտնաբերման համար։ Սովորաբար նշված մեթոդին հաջորդում է հյուսվածաբանական հետազոտությունը, սակայն մի շարք դեպքերում, ինչպիսին է օրինակ վահանագեղձի բարակ-ասեղային ասպիրացիան, մեթոդը հանդիսանում է վերջնական և որոշում բուժման տակտիկան։

Կան բջիջների ստացման տարբեր մեթոդներ՝ քսուք, արտատպվածք, բարակ ասեղային ասպիրացիա, օրգանիզմի տարբեր խոռոչներում կուտակվող հեղուկների հեռացում։ Ստացված նմուշները քսվում են առարկայական ապակու վրա և ըստ հետազոտման անհրաժեշտության և նյութի բնույթի ֆիքսվում են սպիրտով, հատուկ ֆիքսատորներով կամ չորացվում օդում։ Այնուհետև ներկվում են բջջաբանական հետազոտման համար նախատեսված հատուկ ներկերով և ուսումնասիրվում լուսային մանրադիտակով։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում նմուշը ուսումնասիրել բևեռացնող լույսով, որի դեպքում նմուշը չի ներկվում։ Սովորաբար բևեռացնող լույսը կիրառվում է հոդերում կուտակվող ախտաբանական հեղուկների հետազոտման դեպքում՝ բյուրեղների հայտնաբերման նպատակով։

Հեղուկների պարագայում կատարվում է նմուշի ցենտրիֆուգում, նստվածքի ստացում։ Ըստ բջջաբանական եզրակացության տվյալների՝ ստացված նստվածքից պատրաստվում է բջջաբանական բլոկ, որից հաջորդական հատույթներ ստանալով և օգտագործելով իմունոհիստոքիմիական հետազոտման մեթոդները հստակեցվում է պրոցեսի բնույթը, ուռուցքի պարագայում՝ ենթատեսակը, առաջնային օջախը, մոլեկուլային ենթատիպը, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել պացիենտի վարման տակտիկան։

Խիստ կարևոր նշանակություն ունի ինչպես նմուշի ճիշտ ստացումը, այնպես էլ առարկայական ապակիների ճիշտ պատրաստումը, ֆիքսումը, ներկումը։ Որևէ փուլի բացթողումը հանգեցնում է ոչ գնահատելի նմուշի ստացման և պացիենտը ենթարկվում է կրկնակի միջամտության։

Առարկայական ապակիները արխիվացվում են նվազագույնը 1 տարի տևողությամբ։ Ապակիներում առկա նյութը հնարավոր է հետազոտել նաև մոլեկուլային մակարդակով՝ բջիջներում հայտնաբերելով համապատասխան մուտացիան, որը հստակեցնում է ախտորոշումը, հանդիսանում պրոգնոզի գործոն, որոշում բուժման տակտիկան։

Բջջաբանական հետազոտությունների արդյունքում բժիշկ–բջջաբանների կողմից տրվում են բջջաբանական եզրակացություններ, երբեմն նաև ախտորոշումներ, որոնք որպես կանոն հիմք են հանդիսանում բուժող բժշկի կողմից հիվանդի վարման, հետագա հետազոտությունների և բուժման տակտիկայի ընտրության հարցերում։