«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում է պապ թեստի նմուշառում՝ հետագա բջջաբանական հետազոտությամբ։
Մարդու պապիլոմա վիրուսը (HPV) սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված ինֆեկցիաներից է: HPV-ն ունի 100-ից ավել նկարագրված շտամեր, որոնց մի մասն ունեն ցածր օնկոգեն պոտենցիալ, իսկ մի մասն ունեն բարձր օնկոգեն պոտենցիալ և կարող են առաջացնել արգանդի վզիկի, անոգենիտալ շրջանի, քթըմպանի, բերանի խոոչի նախաքաղցկեղային փոփոխություններ և քաղցկեղներ: Կանանց մոտ մարդու պապիլոմավիրուս-ասոցացված նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերման և հետևաբար քաղցկեղի կանխարգելման, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղը վաղ շրջաններում հայտնաբերելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրել է կանանց սկրինինգային հետազոտման եղանակը Պապ թեստի միջոցով, որը հնարավոր է իրականացնել մեր կենտրոնում։
Սկրինինգը սկսվում է 20-21 տարեկանում։ Իրականացման հաճախությունը որոշում է բուժող բժիշկը՝ կախված պացիենտի տարիքից, նախորդ հետազոտության արդյունքներից, անամնեստիկ տվյալներից, HPV վարակի առկայությունից կամ բացակայությունից։
Մանիպուլյացիոն սենյակում, հատուկ գործիքների միջոցով վերցվում է նմուշ արգանդի պարանոցից՝ էկտոցերվիկալ և էնդոցերվիկալ հատվածից, քսվում առարկայական ապակու վրա, ֆիքսվում սպիրտով կամ հատուկ ֆիքսատորով և ներկվում Պապանիկոլաուի մեթոդով։ Վերջինս հնարավորություն է տալիս տարբեր գույների միջոցով տարբերակել արգանդի վզիկի ծածկող էպիթելի շերտերը, առավելագույնս վիզուալիզացնել ախտաբանական պրոցեսները։ Խիստ կարևոր նշանակություն ունի ինչպես նմուշի ճիշտ ստացումը, այնպես էլ առարկայական ապակիների ճիշտ պատրաստումը, ֆիքսումը, ներկումը։ Որևէ փուլի բացթողումը հանգեցնում է ոչ գնահատելի նմուշի ստացման և պացիենտը ենթարկվում է կրկնակի միջամտության։
Նախաուռուցքային պրոցեսների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է որոշել HPV-ն, եթե որոշված չի եղել նախկինում, իրականացնել կոլպոսկոպիա, ըստ անհրաժեշտության բիոպսիա՝ հետագա հյուսվածաբանական վերիֆիկացիայով։ Հնարավոր է հայտնաբերել ոչ միայն տափակ էպիթելի, այլև գեղձային էպիթելի ախտահարումներ, որը հնարավորություն է տալիս կլինիցիստին ընտրել բուժման համապատասխան տակտիկան։
Պապ թեսթը հնարավորություն է տալիս հայտնաբերել նաև բորբոքային և ինֆեկցիոն պրոցեսները, սնկային ախտահարումները, ատրոֆիկ փոփոխություններ, հետծննդյան շրջանին, դաշտանադադարին բնորոշ փոփոխություններ, հորմոնալ խանգարումների որոշակի դրսևորումներ՝ հիպեր- կամ հիպոէստրոգենային վիճակներ, որոնք գնահատվում են որպես էպիթելի բարձր տափակբջջային կամ ցածր տափակբջջային հասունացում։ Թեսթի զգայունությունը ~60% է, ինչը նշանակում է, որ տրված եզրակացությունը վերջնական չէ, և անհրաժեշտ է կլինիկոլաբորատոր տվյալների կոռելյացիա, երբեմն նաև բիոպսիա՝ պրոցեսի ճշգրիտ դասակարգման համար։
Կենտրոնի հմուտ մասնագետների և որակյալ նյութերի շնորհիվ սեղմ ժամկետներում տրվում է բջջաբանական եզրակացություն, որի հիման վրա բուժող բժիշկը որոշում է պացիենտի վարման հետագա տակտիկան։