Նևուսները, առավել հայտնի որպես խալեր, մաշկի բարորակ գոյացություններ են, կազմված մելանոցիտների խմբերից, որոնց արտադրած պիգմենտի շնորհիվ խալերն ունենում են իրենց բնորոշ շագանակագույն գույնը։

Հեղինակ

Թամարա Հարությունյան

Թամարա Հարությունյան

Բժիշկ-ախտաբան

Կարող են հանդիպել մարմնի ցանկացած հատվածում, ունեն տարբեր չափ, գույն, կարող են լինել մաշկից բարձրացած կամ նույն մակարդակին, լինեն բնածին կամ առաջանան կյանքի ընթացքում։ Խալերի մեծ մասը որևէ վտանգ չեն ներկայացնում, սակայն խալի արտաքին տեսքի ցանկացած փոփոխության դեպքում պետք է դիմել մաշկաբանի։

Այդ փոփոխությունները կարող են լինել․

  • Գույնի փոփոխություն (խալը կարող է բացանալ կամ մգանալ, մակերեսին կարող են առաջանալ մուգ կամ բաց տեղամասեր)
  • Չափի փոփոխություն (խալի մեծացում տարվա ընթացքում 2մմ ավել)
  • Ասիմետրիկ և անհարթ եզրերի առաջացում
  • Խալի հաստացում
  • Խալում մռմռոցի, ձգվածության, նքքոցի զգացողություն
  • Խալի շուրջ մաշկի կարմրություն
  • Խալից արյունահոսություն

Նկարագրված փոփոխություններից թեկուզ մեկի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Դեպքերի մեծ մասում այս փոփոխությունները կարող են լինել նորմալ, կապված օրինակ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ։ Երբեմն արևի գերազդեցության հետևանքով (արևային լոգանքներ, սոլյարի, ֆոտոթերապիա) խալերը կարող են մգանալ, մեծանալ, առաջանան նոր պիգմենտներ։ Խալի մեծացումը տարվա ընթացքում 1-2մմ-ով, առանց այլ փոփոխությունների, չի համարվում վտանգավոր։

Խալերի փոփոխությունները կարող են վկայել մաշկի ագրեսիվ չարորակ ուռուցքի՝ մելանոմայի մասին։ Այն կարող է առաջանալ մաշում, լորձաթաղանթներում, աչքի ցանցաթաղանթում, ինչպես նաև նախկինում առկա նևուսից (խալից):

Մելանոմաների առաջացման ռիսկի գործոններն են․

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթում
  • Մաշկի քրոնիկ վնասում
  • Ռադիոակտիվ ֆոնի վատ ազդեցություն
  • Վնասակար սննդի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում, որի հետևանքով խալերի քանակը կարող է անընդհատ ավելանալ
  • Էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, հորմոնալ ֆոնի փոփոխություն
  • Ժառանգական տրամադրվածություն
  • Բաց գույնի մաշկ (պիգմենտի սակավաությունը լիարժեք չի պաշտպանում մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից)
  • Խալերի մեծ քանակ (ավելի քան 50)
  • Մելանոմաների զարգացման հանդեպ բարձր ռիսկ ունեցող խալերի առկայություն
  • Իմունոդեֆիցիտ

Այս գործոնները միայնակ չեն հանդիսանում մելանոմաների առաջացման անմիջական պատճառ, բայց համադրվելով մի քանի նախատրամադրող գործոնների հետ կարող են բերել մելանոմայի զարգացման։

Չարորակացման ռիսկի գործոնների ազդեցության նվազեցման նպատակով  անհրաժեշտ է․

  • նվազեցնել արևային լոգանքների ընդունումը, խուսափել սոլյարիներ այցելելուց
  • մինիմալիզացնել մաշկի վնասումները
  • վարել առողջ կենսակերպ

Մելանոման կարող է լիներ համաչափ կամ անհամաչափ գունավորված, մեկ կամ մի քանի գույնի (սև, շագանակագույնի ցանկացած երանգ, գորշ, վարդագույն, կապույտ, մանուշակագույն), ունենալփոքր չափ (սովորաբար մինչև 3սմ)։ Սովորաբար գոյացությունը բարձր է մաշկի մակերևույթից, իսկ մակերեսը կարող լինել տափակից թմբիկավոր։ Մակերեսը կարող է խոցոտվել և արյունահոսել։ Մելանոմայի մակերեսին մազեր չեն աճում, այդ պատճառով խալի վրայից մազերի հանկարծակի թափվելը և այլևս չվերականգնվելը կարող է լինել անհանգստության պատճառ։ Օջախի շուրջ հաճախ դիտվում է պիգմենտի ավելացում։ Ուռուցքը հաճախ տալիս է մետաստազներ ավշային և արյունատար անոթներ։ Մետաստազներ հաճախ հանդիպում են ոսկրերում, լյարդում, թոքերում, գլխուղեղում։ Կանխատեսումը կախված է ուռուցքի ներաճի խորությունից, ինչպես նաև մետաստատիկ ախտահարված ավշահանգույցների և հեռակա օրգաններում մետաստազների առկայությունից։ Ուռուցքի չափը կանխատեսման վրա չի ազդում։

Խալի ցանկացած փոփոխության կամ տրավմատիզացիայի դեպքում պետք է դիմել մաշկաբանի, ուռուքաբան-մաշկաբանի կամ ուռուցքաբանի։ Թերապևտի կամ մանկաբույժի մոտ այցի դեպքում բժիշկը կարող է նկատել խալի փոփոխությունները և ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ։

Ուռուցքի բնույթի պարզման և վերջնական ախտորոշման համար իրականցվում է պացիենտի ընդհանուր զննում, այդ թվում անամնեզի հավաքում, գոյացության դերմատոսկոպիկ հետազոտություն, ըստ անհրաժեշտության՝ հետագա բիոպսիա կամ գոյացության ամբողջական հեռացում՝ հյուսվածաբանական հետազոտությամբ, որին կարող է հաջորդել մոլեկուլային հետազոտությունը (BRAF մուտացիայի որոշում), ինչպես նաև կախված գոյացության բնույթից՝ ռադիոլոգիական հետազոտություններ։ Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, տնային պայմաններում խալերի հեռացումից։ Եվ անհրաժեշտ է հիշել, որ բարորակ խալերի հեռացումից հնարավոր չէ չարորակ գոյացության առաջացում, իսկ չարորակ գոյացություններն անհրաժեշտ է հեռացնել։ Գոյացության վաղ փուլում հայտնաբերումը բերում է լիարժեք ապաքինման՝ հեռացումից հետո, այնպես որ, խալի ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի որքան հնարավոր է շուտ։