«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում է վահանագեղձի բարակ ասեղային բիոպսիա (FNA) սոնոգրաֆիկ հսկողությամբ՝ հետագա բջջաբանական հետազոտությամբ։
Վահանագեղձի բարակասեղային ասպիրացիան հանդիսանում է հավաստի ախտորոշիչ մեթոդ վահանագեղձի տարբեր ախտաբանությունների հայտնաբերման համար: Ախտորոշվում են ինչպես բարորակ և չարորակ գոյացություններ, այնպես էլ ոչ ուռուցքային հիվանդություններ։
Միջամտությունն անցավ է, գրեթե առանց հետագա բարդությունների։ Սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացվում է բարակ ասեղային ասպիրացիա կասկածելի հանգույցից, որից հետո ստացված նմուշը քսվում է առարկայական ապակուն, ֆիքսվում սպիրտով կամ հատուկ ֆիքսատորներով և ներկվում բջջաբանական հատուկ ներկման մեթոդներով։ Բջջաբանական գնահատումը իրականացվում է ըստ Բեթեսդա համակարգի։ Ախտահարումը դասակարգվում է 6 դասերով, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս ախտահարման չարորակ լինելու ռիսկը և որոշում վարման հետագա տակտիկան։
Չնայած իր բարձր հավաստիությանը և զգայունությանը, մեթոդն ունի իր սահմանափակումները։ Հատկապես սահմանափակումները վերաբերվում են դաս 4՝ «Ֆոլիկուլային նեոպլազիա/կասկածելի ֆոլիկուլային նեոպլազիայի համար» ախտորոշիչ կարգին, որի ժամանակ և պացիենտները, և բժիշկները հարցնում են, արդյոք գործ ունենք բարորակ, թե՞ չարորակ ախտահարման հետ։ Ֆոլիկուլային կարցինոման ֆոլիկուլային ադենոմայից տարբերակվում է ուռուցքային բջիջների՝ դեպի պատիճ ինվազիայով, և/կամ լիմֆովասկուլյար ինվազիայով, ինչը բջջաբանական հետազոտությամբ անհնար է տեսնել։ Այսինքն, բջջաբանորեն անհնար է տարբերակել ֆոլիկուլային ադենոման կարցինոմայից, անկախ բջջաբանի փորձից և հմտություններից։
Ախտորոշվում է ֆոլիկուլային նեոպլազիա, և բուժման հետագա տակտիկան որոշում է բժիշկը՝ կախված կլինիկական և ռադիոլոգիական տվյալներից։ Առաջին անգամ Հայաստանում՝ «Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնում կատարվում է վահանաձև գեղձի հանգույցների բարակասեղային ասպիրացիայի (FNA) ժամանակ ստացվող նյութի մոլեկուլյար ախտաբանական հետազոտություն, որը լայնորեն կիրառվող մեթոդ է բազմաթիվ զարգացած երկրներում։ Իրականացվում է BRAF V600E մուտացիայի որոշում վահանագեղձի բարակասեղային պունկցիոն/ասպիրացիոն բիոպսիայով ստացված նմուշում։ Բեթեսդա համակարգի միջանկյալ դասերը, որոնք հստակ չեն որոշում պրոցեսի բնույթը և կազմում են ընդհանուր ախտորոշումների մոտ 30%-ը՝ դաս 3՝ «ատիպիա անորոշ նշանակության» և դաս 5՝ «կասկածելի քաղցկեղի համար»։
Այս դեպքերում իրականացվում է ռեասպիրացիա կամ մեկ բլթի մասնահատում։ BRAF V600E մուտացիայի որոշումը թույլ է տալիս խուսափել ռեասպիրացիայից, կրկնակի վիրահատությունից, այսինքն որոշել մուտացիայի առկայությունը/գոյացության բնույթը արդեն իսկ ունեցած նմուշում և ընտրել բուժման ճիշտ տակտիկան։
Հիստոջենում բարակասեղային ասպիրացիա իրականացվում է ոչ միայն վահանագեղձից, այլ նաև թքագեղձից, ավշահանգույցներից և պարանոցի կիստոզ գոյացություններից՝ հնարավորություն տալով պացիենտին ունենալ հավաստի ախտորոշում՝ մինիմալ ինվազիվ մեթոդի կիրառմամբ։