2024 թ սեպտեմբերի 23-27-ը Լեհաստանում տեղի ունեցավ Բջջաբանների ասոցիացիայի եվրոպական ֆեդերացիայի (EFCS) կողմից կազմակերպված 15-րդ ամենամյա վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեց մեր կենտրոնի բժիշկ-ախտաբան Թամարա Հարությունյանը։
Ուսուցումը հիմնված էր տեղում գործնական միկրոսկոպիկ սեմինարների և դասախոսությունների վրա, որոնք ընդգրկում էին ցիտոպաթոլոգիայի ամենակարևոր թեմաները, ինչպես նաև նախապես մասնակիցներին հասանելի են եղել վիրտուալ սլայդներ, որոնք քննարկվել են յուրաքանչյուր գործնական աշխատանքի վերջում։
EFCS-ի ամենամյա վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս ախտաբաններին, բջջաբաններին և ցիտոտեխնիկներին մասնակցել բարձր կրթական և գործնական արժեք ունեցող միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայի լավագույն մասնագետների կողմից:
Միջոցառման ընթացում ներկայացվել են գինեկոլոգիական և ոչ գինեկոլոգիական (վահանագեղձի կրծքագեղձ, թքագեղձ, օրգանիզմի խոռոչներում կուտակվող հեղուկներ, շնչառական համակարգ, մեզ, ենթաստամոքսային գեղձ, ավշահանգույցներ) ախտաբանությունների բջջաբանությանը նվիրված դասախոսություններ, որից անմիջապես հետո բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել գործնական սեմինարներին, գնահատել և քննարկել ինչպես հաճախ, այնպես էլ խիստ հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքեր, որոնցով կիսվել են դասախոսները իրենց փորձից, լաբորատորիաներում առկա արխիվներից։
Գործնական դասընթացներից հետո քննարկվել են վիրտուալ սլայդները և տրվել սպառիչ պատասխան բոլոր հարցերին։ Ձեռք են բերվել նոր կապեր, իրականացվել է փորձի փոխանակում, որի ընթացքում ձեռք բերված գիտելիքները մեր մասնագետը կիրառելու է իր ամենօրյա աշխատանքում, ներդնելու է մեր կենտրոնում՝ ուղղված լինելու բջջաբանության զարգացմանը մեր երկրում։