«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում է հեղուկային ցիտոլոգիա, որն ունի մի շարք առավելություններ ավանդական մեթոդի համեմատ և հնարավորություն է տալիս պատրաստել բջջաբանական բլոկեր՝ հնարավոր դարձնելով տվյալ նմուշի վրա հետագա իմունահիստոքիմիական և մոլեկուլյար հետազոտությունների իրականացումը։
Ինչպիսի՞ն է հեղուկային ցիտոլոգիայի մեթոդով պատրաստված բջջաբանական ապակին։ Ինչո՞վ է տարբերվում ավանդական եղանակով պատրաստված ապակուց։ Նախաքաղցկեղային և քաղցկեղային պրոցեսների հայնաբերման նպատակով հաճախ կատարվում է քսուքի (օրինակ՝ արգանդի վզիկից) կամ ասպիրատի (օրինակ՝ վահանաձև գեղձի հանգույցից, ավշահանգույցներից, կրծքագեղձի օջախից), կամ պլևրալ կամ պերիտոնեալ հեղուկների ստացում, որը համարվում է ավելի նվազ ինվազիվ, քան բիոպսիան։
Ստացված նյութից ավանդական մեթոդով պատրաստված ապակիները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ արյուն, բորբոքային տարրեր, ինչը կարող է ծածկել ախտորոշիչ նշանակություն ունեցող բջիջները և դժվարեցնել բջջաբանի աշխատանքը՝ ցավոք երբեմն հանգեցնելով ոչ ճշգրիտ ախտորոշման։
Բջջաբանական ապակիների պատրաստման հեղուկային եղանակը համարվում է ժամանակակից մեթոդ և օգտագործվում է առաջատար լաբորատորիաներում։ Ի տարբերություն ավանդական մեթոդով պատրաստված ապակիների՝ հեղուկ հիմքով բջջաբանական ապակի պատրաստելուց առաջ քսուքը կամ ասպիրատը ցենտրիֆուգում են։
Ստացված նստվածքից պատրաստվում են ոչ միայն բջջաբանական ապակիներ, այլև բջջաբանական բլոկեր՝ պարաֆինային, ինչպես հյուսվածաբանական հետազոտության ժամանակ, իսկ այնուհետև ներկում համապատասխան մեթոդով։ Ապակիների պատրաստման տվյալ մեթոդը ոչ միայն թույլ է տալիս ազատվել ավելորդ էլեմենտներից՝ թողնելով միայն մեկ շերտով դասավորված «պիտանի» բջիջներ, այլ նաև թույլ է տալիս հետագայում անցկացնել իմունահիստոքիմիական և մոլեկուլյար հետազոտություններ տվյալ նյութի վրա։ Բացի այդ, պարզվել է, որ ավանդական մեթոդով ապակի պատրաստելու համար օգտագործվում է վերցված քսուքի միայն 35%-ը, մինչդեռ հեղուկ հիմքով պատրաստված ապակիների համար օգտագործվում է վերցված գրեթե ողջ մատերիալը, ինչը թույլ է տալիս բաց չթողնել կասկածելի/ատիպիկ բջիջները՝ այսպիսով խուսափելով կեղծ-բացասական արդյունքներից։
Մյուս առավելությունն այն է, որ հեղուկ հիմքով պատրաստված ապակիներում բջիջները գրեթե չեն ձևափոխվում՝ պատշաճ ֆիքսացիայի շնորհիվ, պահպանելով իրենց ձևը, տեսքը և մոլեկուլային կազմը։ Արտեֆակտերի առկայությունը (օրինակ՝ օդ ապակու տակ) նույնպես հասցվում է մինիմալի։ Հեղուկ հիմքով պատրաստված բջջաբանական ապակիների առավելությունը կայանում է նաև նրանում, որ բջիջների խտացման շնորհիվ փոքրանում է նաև բջջաբանի կողմից ուսումնասիրվող տեսադաշտի մակերեսը, ինչը թույլ է տալիս ավելի արագ տալ ճշգրիտ ախտորոշում։ Սա հատկապես կարևոր է բուժող բժիշկի համար՝ բուժման հետագա մարտավարությունը ընտրելու գործում։