Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն է, որի շրջանակներում հոկտեմբերի 11-12-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել է գիտաժողով, նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմանը, բուժմանը և վարման ժամանակակից մոտեցումներին և հարցերին։
Գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ունեցել մեր կենտրոնի ախտաբանները՝ հանդես գալով և’ զեկուցներով, և’ որպես կազմակերպիչ։
Մեր կենտրոնի համահիմնադիր և գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը, ով նաև Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է, ունեցել է ակտիվ մասնակցություն միջոցառման կազմակերպմանը, ինչպես նաև հանդես եկել համատեղ զեկույցով ՀԱԱԿ ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բժիշկ- ռադիոլոգ Անի Հակոբյանի հետ, ներկայացնելով ռադիոլոգիական-ախտաբանական կորելիացիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտահարման ժամանակ՝ քննարկելով կլինիկական դեպքեր։ Մեր կենտրոնի համահիմնադիր և ավագ մասնագետ Փառանձեմ Խաչատրյանը ներկայացրել է մոլեկուլյար ախտաբանական հետազոտությունների նշանակությունը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ, կիսվելով գիտելիքներով, որը ձեռք է բերել Եվրոպական ախտաբանների միության կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում։
Կենտրոնի բժիշկ-ախտաբան, գիտական և ուսումնական գծով ավագ մասնագետ Թամարա Հարությունյանը ներկայացրել է հետնեոադյուվանտ թերապիայի գնահատման ժամանակակից մոտեցումները կրծքագեղձի քաղցկեղում։
Գիտաժողովի ընթացքում իրենց փորձով և գիտելիքով կիսվեցին կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող Հայաստանի, ինչպես նաև արտերկրի ոլորտի լավագույն մասնագետները, տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, փորձի փոխանակում։